«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու, փոխարենը 2018թ իշխանության գալու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նրա համար սպասելի էր ԲՀԿ-ի հայտարարությունը, եւ վստահ է, որ դրանից առաջ եղել է հանդիպում, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: «Ես մտածում եմ` գուցե վարչապետի  աթոռի համար պայմանավորվածություն կա: Սերժ Սարգսյանը համոզել է, որ այս հինգ տարին է, հետո ինքը գնում է, իրենք կփորձեն իշխանությունը միմյանց փոխանցել, ուրիշի ձեռ չընկնի: 2018թ նախագահական ընտրություններին կտեսնենք ԲՀԿ-ին»,- ասաց Տիգրան Կարապետյանը` կանխատեսելով, որ նախագահական ընտրություններից հետո կոալիցիա կկազմի ԲՀԿ-ի հետ:

Ժողովրդական կուսակցության ղեկավարը կարծիք հայտնեց, որ «Տիգրան Սարգսյանը թյուրիմացություն է, վարչապետը հայությանը տանում է անդունդ, եւ ում էլ նշանակեն իր տեղը, ավելի լավ կլինի»: Նրա խոսքով` դժվար է պատկերացնել, որ Հանրապետության ամենահարուստ մարդը` Գագիկ Ծառուկյանը դեմ կգնա նախագահին: Իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը նա հավանական չի համարում` շեշտելով, որ երկրորդ նախագահը «հարյուր տոկոս խաղի մեջ է ԲՀԿ-ի կողմից»: «ՀԱԿ-ն էլ է գցող, իրենք բոլորն էլ գցող են, եւ իրենց գցում են: Էդ ոնց է պայմանավորվեցին եւ անցան խորհրդարան, ամեն ինչ պարզ է, ամենացավալին այն է, որ ժողովուրդը արտագաղթում է հիասթափված»,- ասաց Տիգրան Կարապետյանը` կարծիք հայտնելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնախությունը:

Նա նշեց, որ  խորհրդարանական բոլոր կուսակցությունները խորհրդարանում հայտնվել են նախապես պայմանավորվածության շնորհիվ, պատահական չէ, որ նրանց ղեկավարները նախկին չինովնիկներ են: Տիգրան Կարապետյանի խոսքով` այդ պատճառով էլ Հայաստանում ընդդիմություն չունենք: Նա կոչ է անում բոլորին բոյկոտել ընտրությունները, ինչպես ինքը, չառաջադրել թեկնածություն, ինչպես ինքը վարվեց, իսկ քվերակության գնալիս էլ քվեարկել բոլորին դեմ: