Հայաստանի բոլոր  նախարարությունները 2012թ. ունեցել են համացանցային (ինտերնետ) կապ: Այդ մասին նշված է «Տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործումը ՀՀ նախարարություններում» զեկույցում, որն իրականացվել է Եվրամիության «Թվինինգ» ծրագրի շրջանակներում:

Համացանցային (ինտերնետային) կապի հասանելիություն ունեցող աշխատողների մասնաբաժինն աշխատողների միջին տարեկան թվաքանակում կազմել է 76%: Ընդ որում, նախարարություններում օգտագործվող համացանցային (ինտերնետային) կապի  88%-ը բաժին է ընկել մալուխային, օպտիկամանրաթելային,  E1 կամ  E3 1 եւ ATM  2 մակարդակներով վարձակալված գծերին, Frame Relay, Metro-Ethernet, PLC - Powerline հաղորդակցման, ինչպես նաեւ ֆիքսված անլար կապին:

Նախարարությունների 71%-ի կողմից համացանցի (ինտերնետի) ամենաարագ  ներբեռնման արագությունը կազմել է  2.1 Մբ/վ-10.0 Մբ/վ միջակայքը: 17%-ը կարողացել է ստանալ 10.1-30 Մբ/վ արագություն, իսկ 6%-ը բավարարվել է մինչեւ 2Մբ/վ արագությամբ: