Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը վերանշանակվել է այդ պաշտոնում եւս 4 տարով: Հաշտարարի գրասենյակի պաշտոնական կայքէջն այսօր հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ դեկտեմբերի 7-ի Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում միաձայն որոշում է կայացվել Փ. Սարգսյանի վերանշանակման մասին:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը Հայաստանում ստեղծվել է 2008 թ.: Ըստ գրասենյակի պաշտոնական կայքէջի պարզաբանման` Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը: Հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ ծագած գույքային վեճերը: Հաշտարարի ծառայություններն անվճար են: