Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում (MIT) հանդիպել է աշխարհում ժամանակակից տաս լավագույն տնտեսագետներից մեկի համարումն ունեցող պոլսահայ Տարոն Աջեմօղլուի հետ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

Հանդիպմանը քննարկվել են համաշխարհային տնտեսության ժամանակակից մարտահրավերները, մասնավորապես Հայաստանի տնտեսության անցյալին, ներկային եւ ապագային վերաբերող հարցեր:

Տարոն Աճեմօղլուն նշել է, որ հանդիպման արդյունքում իր համար նոր բացահայտումներ է արել Հայաստանի մասին եւ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստվում է այցելել հայրենիք:

Տարոն Աճեմօղլուն ծնվել է Ստանբուլում: Բակալավրի աստիճան է ստացել, սովորել է Մեծ Բրիտանիայի Յորքի Համալսարանում, մագիստրոսի եւ դոկտորի գիտական աստիճաններ` Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում:

2004 թվականից Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Չարլզ Քինդլբերգերի անվան կիրառական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր է:

Տ. Աճեմօղլուն ընդգրկված է Ամերիկյան Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում: Իսկ IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աճեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը: