ԱՄՆ էթնոլոբբիստական ամենաազդեցիկ կազմակերպությունների տասնյակում հայկական երկու կազմակերպություններ են ընդգրկվել: Հիմնվելով  «Business Pundit»-ի պարբերականի եւ  «American Politics Research»-ի կողմից տարիներ շարունակ կազմած լոբբիստական կազմակերպությունների վարկանիշների վրա` «Time to Analyze» տեղեկատվական-վերլուծական պորտալն Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) համարել է ԱՄՆ-ում ազդեցությամբ երկրորդ էթնոլոբբիստական կազմակերպությունը:  Այն համարվում է գլխավոր կազմակերպությունը, որը վերահսկում է  Կոնգրեսի հակական հարցերով խումբը: Կազմակերպությանն անջակցում են այնպիսի անվանի գործիչներ, ինչպիսիք են  նախագահի թեկնածուներ Ռոբերտ Դոուլն ու Ջոն Քերին, Սպիտակ տան բազմաթիվ բարձրաստիճան պաշոտնյաները եւս կապեր ունեն կոմիտեի հետ: ANCA-ի գործունեության շնորհիվ ԱՄՆ անհատույց օգնություն է տրամադրում ոչ միայն Հայաստանին, այլեւ Լեռնային Ղարաբաղին:

Մյուս ազդեցիկ հայկական լոբբիստական կազմակերպությունն Ամերիկայի հայկական համագումարն է: Տարիների ընթացքում կազմակերպությունն իր գործունեությամբ նպաստել է հայկական հարցերի վերաբերյալ հանրության իրազեկմանը, էթնիկ հայերի մասնակցությանն ամերկյան ժողովրդավարական գործընթացներին,  Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում զարգացման ծրագրերի իրականացմանը, ԱՄՆ-Արցախ հարաբերությունների ամրապնդմանը: Կազմակերպությունը ֆինանսական մեծ ռեսուրսներ, ակադեմիական կենտրոններ ունի: