Հայ ազգային կոնգրեսում լավ մթնոլորտ չի ձեւավորվել:Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Հարցին, թե խոսքը ինչի մասին է, նա ասաց.«Ընդհանրապես ընդունվող որոշումների գործելակերպի, հարաբերությունների մասին է խոսքը»: Դիտարկմանը, թե կարելի է ենթադրել, որ ՀԱԿ-ում միանձնյա որոշումներ են կայացվում ավելացրեց.«Ոչ չի կարելի ասել, որ միանձնյա որոշումներ են կայացվում:

Ես իմ իրավունքներն ունեմ  եւ մեր իրավունքներից օգտվում ենք: Եթե որեւէ կուսակցություն որոշմանը դեմ է լինում, ապա այդ որոշումը չի ընդունվում: Ես նկատի ունեմ այն հանգամանքը, որ երբ կարծիք է հնչում՝ ինչ-որ մարդիկ կարող են իրենց թույլ տալ, ոչ նորմալ ձեւով դա ընդունել եւ այլն եւ այլն: Փոխհարաբերությունների իմաստով, վստահության իմաստով»: Հարցին, թե խոսքը Լեւոն Զուրաբյանի մասին է ասաց.«Ինչու միայն Լեւոն Զուրաբյանի: Լեւոն Զուրաբյանը քաղխորհրդի անդամներից մեկն է: Երբ աննորմալ բան է տեղի ունենում եւ կուսակցություններից մեկը` մեկ ուրիշ կուսակցության նկատմամբ անթույլատրելի բան է թույլ տալիս կամ մեկ ընկեր մյուսի նկատմամբ,եւ ինչ-որ մեկը լռում է դա նույնպես դիրքորոշում է»: Նա չբացառեց, որ կարող է ՀԱԿ-ից դուրս գալ: «Վերջիվերջո մեռնել կա չէ: Ընդհանրապես ՀԱԿ-ից դուրս գալու մտադրություն չունեմ, բայց, երբ  ինձ հարցնում են, թե  բացառում եք ասում եմ չեմ բացառում»,- ավելացրեց Սոս Գիմիշյանը: