ԵՄ-ի գագաթաժողովը հաստատել է եվրոպական Բանկային միության ստեղծումը, հայտնել է միության  նախագահ Հերման Վան Ռոմպեյը: Դրա ստեղծմանն ուղղված առաջին քայլը կդառնա 2014 թ. գարնանը ԵՄ-ի Միասնական վերահսկողության մեխանիզմի գործարկումը։ 

Միասնական վերահսկողության մեխանիզմն ըստ փուլերի կստեղծվի հաջորդ տարվա ընթացքում, որպեսզի արդեն մինչեւ 2014 մարտի 1-ն սկսի լիարժեք աշխատանքը: 

Բանկային միության ստեղծման երկրորդ քայլը կդառնա եվրագոտու կայունացման հիմնադրամի միջոցների օգտագործմամբ բանկերի ուղղակի վերակապիտալիզացիայի համակարգի ստեղծումը:  Ենթադրվում է, որ այդ համակարգի ստեղծումը կավարտվի 2013թ. վերջին 2014թ. սկզբին, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:

Բանկային միության ստեղծումը կարեւոր քայլ է Տնտեսական եւ արժութային միության հետագա ամրապնդման համար: 

Ըստ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի` ԵՄ-ի ղեկավարները պայմանավորվել են հաջորդ տարվա ընթացքում հաստատել Տնտեսական եւ արժութային միության «ճանապարհային քարտեզը»՝ 5-6 տարով, հնարավոր է՝ ԵՄ-ի հունիսյան գագաթաժողովին: