Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունն առաջիկա տարիների ընթացքում հանդիսանում է հետխորհրդային տարածքը։ Այս մասին ասվում է «ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգ» նախագծի մեջ, որը նախագհի հրամանով մշակվել է ԱԳՆ-ի կողմից։ Այս փաստաթուղթը, իրականում, հանդիսանում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության պլատֆորմ՝ Վլադիմիր Պուտինի նախագահության երրորդ շրջանում, գրում է «Կոմերսանտ»-ը։
Փաստաթղթում մանրամասն մշակված դրույթն այն մասին է, որ Ռուսաստանին շրջապատող աշխարհը ծայրահեղ անկայուն է, իսկ շատ խնդիրների պատճառ են հանդիսանում Արեւմուտքի, հատկապես ԱՄՆ-ի՝ բազմաթիվ այլ պետությունների ներքին գործերին միջամտելու փորձերը։ Նաեւ արտաքին քաղաքականության հայեցակարգի մեջ առաջին անգամ տեղ է գտել « վտանգ տեղեկատվական տարածքում» հասկացությունը։
Փաստաթղթի հեղինակները գտնում են, որ Ռուսաստանին տրված է «Եզակի, դարերի ընթացքում ձեւավորված՝ միջազգային գործերում հավասարակշռող գործոնի եւ համաշխարհային քաղաքակրթության զարգացման դերը»։ Հայեցակարգի հեղինակների կարծիքով՝ այս գերառաքելության շուրջ էլ պետք է կառուցվի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը։
Ռուսաստանը մասնավորապես պետք է խանգարի այլ պետությունների ներքին գործերին խառնվելու երեւույթին, այդ թվում եւ պետք է հակազդի այդ նպատակներով օգտագործվող նոր համացանցային տեխնոլոգիաներին։ Առաջին անգամ ՌԴ արտաքին քաղաքականության իրականացմանը մասնակցող կառույցների մեջ հիշատակված է Ռուսհամագործակցությունը, իսկ ռուսական սփյուռքին արտերկրում հատուկ դեր է տրված։
Հայեցակարգի հեղինակները Ռուսաստանի արտաքին քաղաքականության բացարձակ գերակայությունը տվել են հետխորհրդային տարածքների ինտեգրմանը։ Երկրորդ տեղում է Եվրամիությունը, մասնավորապես ազատ վիզային կարգավիճակի հասնելը։
Ենթադրվում է «ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգ»-ը Պուտինի կողմից կստորագրվի 2012 թվականի վերջին։





























