Մարոկկոյում 84 տարեկան հասակում մահացել է արմատական իսլամիստական «Արդարություն եւ հոգեւորականություն» շարժման հոգեւոր առաջնորդ, շեյխ Աբդելսալամ Յասինը:
Նրա ղեկավարած շարժումը նախորդ տարի հակակառավարական բողոքի ակցիաների նախաձեռնողներից մեկն էր: Ցույցերի ժամանակ իսլամիստները եւ ազատականները միասին դուրս էին եկել փողոց՝ պահանջելով կատարել խոստացված բարեփոխումները:
Շեյխ Յասինը մի քանի անգամ կալանավորվել է հակամիապետական հայացքների համար, նրա շարժումն արգելված է, թեեւ իրականում իշխանությունները ճանաչում են նրա կիսալեգալ կարգավիճակը:
Այդուհանդերձ, «Արդարություն եւ հոգեւորականություն» շարժումը առավել արմատական դիրքերից է հանդես գալիս, քան Մարոկկոյում իշխող իսլամիստական կուսակցությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:




























