Երեւանում մեքենան ընկել է Հրազդանի կիրճը:

ԱԻն լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Դավիթաշեն կամրջի մոտակայքում, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել գետը: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել ջրասուզակների օգնությունը: Զոհեր եւ տուժածներ չկան:

Մեկ այլ վթար էլ եղել է Ապարանի ճանապարհին: Դեկտեմբերի 14-ին, ժամը 07.53-ին տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 09.00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են 1966թ. ծնված վարորդ Ա. Մխոյանի վարած «Աուդի» մակնիշի 26 ՍՏ 603 պետհամարանիշով եւ 1965թ. ծնված Ֆ. Խաչատրյանի վարած «Մերսեդես» մակնիշի 44 ԼՍ 441 պետհամարանիշով ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «Աուդի» ավտոմեքենայի ուղեւորներ 1975թ. ծնված Արմեն Մուրադյանը եւ 1968թ. ծնված Արա Մխոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի բկ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: