Կուբայում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության ընթացքում  բարդություններ են ծագել: Նա հենց վիրահատական սեղանին գտնվելիս սկսել է արյունահոսել: Բժիշկներից մեծ ջանքեր են պահանջվել արյունը դադարեցնելու համար: Վիրահատությունը տեւել է վեց ժամ, ասված է Վենեսուելայի կառավարության հաղորդագրությունում:

Երկրի տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլգերսը հայտնել է, որ հետվիրահատական ապաքինումը որոշ ժամանակ կպահանջի՝ վիրահատական բարդությունների պատճառով, գրում է rbc-ն:

Չավեսին քաղցկեղ ախտորոշել էին 2011թ. կեսերին, դրանից հետո նա չորս անգամ վիրահատվել է: Կուբա մեկնելուց առաջ նախագահն առաջին անգամ խոսել էր իր իրավահաջորդի մասին՝ կոչ անելով ընտրել փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Հիշեցնենք, Չավեսը 2012թ. նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ էր գրանցել: Նրա նոր՝ վեցամյա ժամկետը պետք է սկսվեր 2013-ի հունվարի 10-ից:

Սահմանադրության համաձայն, եթե Չավեսը չկարողանա ստանձնել լիազորությունները, 30 օրվա ընթացքում ընտրություններ կանցկացվեն: