Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզում -40 աստիճան սառնամանիքին փղերին հաջողվել է ողջ մնալ, միայն ականջներն են ցրտահարվել:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ մարզային գլխավոր վարչությունը հայտնել էր, որ տեղափոխող բեռնատարում սկսված հրդեհի պատճառով երկու փիղ քիչ էր մնացել այրվեին: Վարորդը ժամանակին նկատել է ծուխը եւ կանգ առել: Հետո վարժեցնողը փղերին քշել է դուրս եւ վազեցրել, որպեսզի տաք պայմաններին սովոր կենդանիները չսառչեն: Փղերը պատկանում էին լեհական կրկեսին, որը շրջագայում է Ռուսաստանի քաղաքներով:

Փղերի մարմնին հատուկ քսուքներ են քսել, նաեւ՝ տաք ավտոտնակում օղի խմեցրել.  «Երկու արկղ օղին խառնել ենք ջրին եւ տվել փղերին... Դրանից հետո նրանք այնպես մռնչացին, ասես ջունգլիներում էին: Երեւի ուրախացել էին...», - ենթադրել է «ՌԻԱ Նովոստիի» զրուցակիցը:  Ցրտահարված վարժեցնողին տեղափոխել են տեղի հիվանդանոց եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: