Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Բաքվի մեղադրանքները, ըստ որոնց՝ Դուբլինում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ղարաբաղյան կարգավորման հնգակողմ հայտարարությունը չէր ընդունվել հայկական կողմի «մեղքով»:

Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ելույթ ունենալով իր լեհ, բուլղար  եւ շվեդ գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում, Էդվարդ Նալբանդյանն առաջարկել է համեմատել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ելույթները. «Հայաստանի արտգործնախարարը նույնն էր ասում, ինչ մշտապես կրկնում են համանախագահ երկրները: Իսկ թե ինչ է ասում Ադրբեջանի արտգործնախարարը, իրենք խոսում, իրենք լսում են»:

Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ  հնգակողմ հայտարարությունը չի ընդունվել:  «Նման դեպքեր եղել են: Օրինակ, 2010-ի հուլիսին Ալմաթիում հնգակողմ հայտարարություն էր պատրաստվել, սակայն Ադրբեջանը պնդել էր, որ միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունք կա՝ տարածքային ամբողջականությունը, կամ այդ սկզբունքը գերիշխող է: Ավարտվեց նրանով, որ հնգակողմ հայտարարությունը չընդունվեց, ընդունվեց եռակողմը:

Նախարարի խոսքով, ադրբեջանական կողմն այս անգամ անհայտ պատճառներով չցանկացավ անգամ հիշատակել երեք սկզբունքների մասին, որոնք են՝ ուժի կիրառման կամ դրա մասին սպառնալու անթույլատրելիությունը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը:

«Հնգակողմ հայտարարությունը չընդունվեց, ընդունվեց եռակողմը, որում համանախագահները նշեցին այդ սկզբունքները: Ավելին, Հայաստանը ողջունում է Դուբլինում ընդունված հայտարարությունը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am