Երկրորդ տարին է` Արարատյան դաշտավայրում կարտոֆիլի եւ լոլիկի (նաեւ այլ մորմազգիների` սմբուկ, տաքդեղ) բերքը զգալի վնասներ է կրում նոր վնասատուի` ցեցի պատճառով: Շատ գյուղացիական տնտեսություններ նույնիսկ երկմտում են` արժե՞ արդյոք շարունակել Արարատյան դաշտավայրում լոլիկի ու վաղահաս կարտոֆիլի մշակումը:
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը գյուղացիներին խորհուրդ տվեց ներկայում ձեռնպահ մնալ բարձրադիր գոտիներից կարտոֆիլի տնկանյութ ձեռք բերելուց, քանի որ մինչ գարուն դրանք հաստատ կվարակվեն: Կարտոֆիլի տնկանյութը պետք է ձեռք բերել անմիջապես ցանքսից առաջ` գարնանը:
Բացի այդ` կարտոֆիլի բերքը պետք է հավաքել, երբ փռերը դեռ կանաչ են: Փռերի մահանալուց հետո վնասատուներն իրենց բները տեղափոխում են պալարների վրա: Այսպես` եթե վաղահաս կարտոֆիլը հավաքվի հուլիս-օգոստոսի կես հատվածում, ապա որեւէ վտանգ չկա, իսկ օգոստոսի կեսերից հավաքված կարտոֆիլի բերքի կեսը կորում է:
Բացի այդ` այդ վնասատուների դեմ հարկավոր է համալիր պայքար մղել, միայն թունաքիմիկատների օգտագործումը բավարար չէ: Օրինակ` բաց գրունտներում կարելի է օգտագործել ֆեռոմոլյան թակարդներ, իսկ ջերմոցներում` նաեւ լուսային թակարդներ եւ գունային կպչուն ժապավեններ: Ջերմոցներում համապատասխան աշխատանքների դեպքում վնասատուն գրեթե 100%-ով վերանում է:
Նշենք, որ ցեցը վերջին տարիներին լայն տարածում է գտել ողջ աշխարհում, տարածվելով Հարավային Ամերիկայից: Մեր տարածաշրջանի բոլոր երկրներում` Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հյուսիսային Կովկաս, Աբխազիա եւ այլն, ցեցը լուրջ վնասներ է հասցնում գյուղատնտեսությանը: Ընդ որում, ըստ Գ. Պետորսյանի, սահմանի վրա բուսասանիտարական միջոցառումների խստացումը երաշխքիք չէ, որ ցեցը չի ներթափանցի այլ երկրներից` սերմերի, տնկանյութի, կամ հասուն պտղի միջոցով: Այնուամենայնիվ` Գ. Պետրոսյանը հավաստի չհամարեց այն լուրերը, որ ցեցը Հայաստան է ներթափանցել Թուրքիայից, քանի որ լոլիկ ներկրում ենք նաեւ Վրաստանից, Հունաստանից եւ Իրանից:



























