Վերջին 10 տարում կարտոֆիլի գները Հայաստանում չեն բարձրացել: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Նրա տեղեկացմամբ` ներկայում էլ (ինչպես եւ 10 տարի առաջ) կարտոֆիլի մեծածախ գինը 90-100 դրամ է կգ-ի համար, իսկ մանրածախինը` 100-130 դրամ: Գ. Պետրոսյանը վստահեցրեց, որ այս ձմռանը չի սպասվում կարտոֆիլի թանկացում, քանի որ բերքը նախորդ տարվա համեմատ 60-70 հազ. տոննայով ավելի է: Նշենք, որ Հայաստանում տարեկան հավաքվում է մոտ 450-500 հազ. տոննա կարտոֆիլ:

Սակայն խնդիրներ կարող են առաջանալ ամռանը, եթե Արարատյան դաշտի գյուղացիները հրաժարվեն վաղահաս կարտոֆիլ ցանելու պլաններից` ցեցի պատճառով: