Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, Տավուշի ուղղությամբ, այսօր՝ դեկտեմբերի 14-ի առավոտյան, կայացել է ԵԱՀԿ հերթական դիտարկումը:
Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն եւ Եվգենի Շարովը: Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա անձնական օգնական Ուիլյամ Փրայորն ու դաշտային օգնական Խրիստո Խրիստովը:
Դիտարկումն սկսվել է առավոտյան ժամը 11:25-ին եւ տեւել մինչեւ 11:32-ը: 1300 մետր հեռավորությունից տեսանելի շփում է հաստատվել: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:
Նշենք, որ 2012-ին Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել են ավելի քան 15 830 անգամ: Տարվա սկզբից ադրբեջանական կողմի կրակահերթերի հետեւանքով զոհվել է 12 հայ զինծառայող, 26-ը վիրավորվել է, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք:
Վերջին տարիներին Ադրբեջանն այդ առումով նորանոր «ռեկորդներ» է սահմանում. եթե 2006 թվականին ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է 600 անգամ, ապա 2007-ին արդեն շուրջ 1400 անգամ, 2008-ին՝ 3500 անգամ, 2009-ին՝ 4600 անգամ, 2010-ին՝ 7200 անգամ, 2011-ին՝ ավելի քան 12 600 անգամ:





























