Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության քուրդ պատգամավորները, քաղաքապետերն ու կուսակցության նահանգային ղեկավարները քննադատել են կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ քրդական հարցում ցուցաբերած խիստ մոտեցման համար։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ, իշխող կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության գլխավոր գրասենյակում հանդիպել է արեւելյան եւ հարավ-արեւելյան շրջաններից ընտրված քուրդ պատգամավորների, կուսակցության նահանգային ղեկավարների եւ քաղաքապետերի հետ։ Հանդիպման ժամանակ իշխող կուսակցության անդամ քուրդ գործիչները նշել են, թե քրդական հարցում Էրդողանի ցուցաբերած խիստ մոտեցումն իրենց դժվարին կացության մեջ է դնում։ Նրանք շեշտել են նաեւ Ուլուդերեյի դեպքը, երբ սխալ ռմբակոծության հետեւանքով սպանվել էր 34 գյուղացի։

«Անհրաժեշտ է, որ Ուլուդերեի գործը բացահայտվի։ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն»  (քրդական կուսակցություն-խմբ) կուսակցությունն (BDP) ու PKK-ն (Քուրդօստանի բանվորական կուսակցություն) շահարկում են այդ խնդիրն իրենց օգտին։ BDP-ի պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելը դիտվում է որպես ճնշում քրդերի դեմ։ Նման իրավիճակում մեզ համար բարդ է տարածաշրջանում քաղաքականությամբ զբաղվել»,-նշել են իշխող կուսակցության քուրդ պատգամավորները։

Ի պատասխան, Էրդողանը հայտարարել է, թե իրենք դժվար դրության մեջ չեն հայտնվում, քանի որ կա դատական գործընթաց։ Նա խորհուրդ է տվել քուրդ կուսակիցներին՝ կոչ անելով քուրդ բնակչությանը համոզել, թե BDP-ն անտեղի է շահարկում թվարկված խնդիրները։