Ֆրանսիայի իշխանությունները որոշել են պայքարել կրոնական  մոլեռանդների դեմ: Երկրի ՆԳՆ-ի ղեկավար Մանուել Վալսը հայտարարել է, որ ներգաղթյալ մոլեռանդ իմամները կարտաքսվեն, ինչպես նաեւ հարկադրաբար կցրվեն  առավել մարտական խմբավորումները՝ անկախ քարոզած  կրոնից, դա վերաբերում է նույնիսկ ավանդական կաթոլիկներին:

Vesti FM ռադիոն հայտնում է, որ որպես օրինակ Մանուել Վալսը հիշեցրել է Civitas-ի մասին: Տվյալ  ուլտրաաջ կաթոլիկական շարժումը, որը կապ ունի ծայրահեղական կազմակերպության հետ, եռանդով հետապնդում է  «սրբապիղծներին»: Հենց այդ խումբն էր նախորդ ամիս Փարիզում ծեծել ֆեմինիստուհիների խմբին, որոնք նույնասեռական ամուսնությունների աջակցությանը նվիրված բողոքի ցույց էին կազմակերպել: 

Կրոնական մոլեռանդներին պետք է հայտնաբերի ոստիկանությունը:  Ըստ նախարարի՝  նման ծայրահեղ քայլերի կառավարությանը դրդել են Ֆրանսիայում ծայրահեղական իսլամիզմի դրսեւորման հաճախակի դեպքերը, մասնավորապես Թուլուզում մարտ ամսվա դեպքերը, երբ Մոհամեդ Մերան սպանել էր երեք զինվորի եւ չորս հրեաների: 

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է հատուկ գործակալության ստեղծման մասին, որը պետք է հետեւի պետությունից եկեղեցու անջատման սկզբունքին:  Ֆրանսիան կաթոլիկական երկիր է: Միաժամանակ այժմ, ըստ պաշտոնական տվյալների,  երկրի տարածքում ապրում են շուրջ չորս միլիոն մահմեդականներ եւ  քառորդ միլիոն հուդայականներ: