Հայաստանի 2012 թ. պետական բյուջեում արտաքին պարտքի տոկոսավճարների մարման գծով 11 մլն դոլարի խնայողություն է առաջացել: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Տնտեսումը հիմնականում պայմանավորված է 6ամսյա Libor-ի միջազգային շուկայում ձեւավորված ցածր տոկոսադրույքներով:
Նշենք, որ Libor-ը (London Interbank Offered Rate) Լոնդոնի միջբանկային վարկային շուկայի դրույքաչափն է, ցույց է տալիս, թե բանկերը ինչ դրույքաչափով են պատրաստ վարկավորել մեկմեկու: Ընդ որում` յուրաքանչյուր արժույթի համար սահմանվում է առանձին Libor: Հայաստանը ԱՄՆ դոլարի Libor-ով հաշվարկած մոտ 950 մլն դոլարի վարկային պարտավորություն ունի (այդ թվում` Ռուսաստանից վերցված 500 մլն դոլար վարկը, որը պետք է մարվի Libor+3 տոկոսադրույքով):
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության` 2012 թ. համար կանխատեսվել էր ԱՄՆ դոլարի 6ամսյա Libor-ի 1.8% տոկոսադրույք, որն էլ դրվել է բյուջեի հաշվարկների հիմքում: Սակայն փաստացի Libor-ի գործակիցը մոտ 0.7% է:
Ըստ նույն աղբյուրի` 2012 թ. նախատեսվել էր արտաքին պետական պարտքի մարման նպատակով հատկացնել 128 մլն դոլար, սակայն փաստացի կատարողականը սպասվում է 115 մլն դոլար (13 մլն դոլար տարբերության 11 մլն դոլարը բաժին է ընկնում տոկոսավճարներին, 2 մլն դոլարը` հիմնական գումարին): 2013 թ. արտաքին պարտքի մարման նպատակով պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 225 մլն դոլար, որից` 168.8 մլն դոլար` հիմնական գումարի մարում, 56.6 մլն դոլար` տոկոսավճար:



























