Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հույս ունի, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր կլինի համաձայնության հասնել արդեն 2013-ի հունվարին: Այս մասին հայտնել է ԱԷՄԳ-ի իրանական միջուկային ծրագրի հարցերով հիմնական բանակցող Գերման Նաքերթսը: Նախօրեին Թեհրանում տեղի է ունեցել ԱԷՄԳ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների հերթական փուլը: Երկու կողմերի հայտարարությունների համաձայն, հանդիպման արդյունքում առաջընթաց է արձանագրվել:

«Մենք համաձայնեցինք հաջորդ հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա հունվարի 16-ին, որի ընթացքում հույս ունենք ամփոփել Իրանի միջուկային խնդրի լուծման հարցում կառուցվածքային մոտեցումը, որից հետո կսկսենք այդ համաձայնագրի կիրառումը»,-ասել է Նաքերթսը:

Միաժամանակ, ըստ Reuters-ի, ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները նշել են, որ գործակալության պատվիրակության Իրան կատարած այցի ընթացքում իրենց այդպես էլ չի հաջողվել այցելել Փարչինի օբյեկտ: Նրանք հույս են հայտնել, որ Իրանի իշխանությունները թույլ կտան այդ այցը կատարել տեսուչների հաջորդ այցելության ժամանակ:

Հիշեցնենք, որ ԱԷՄԳ-ի օգոստոսին հրապարակած զեկույցում նշվել է, որ Փարչինում ակտիվ գործունեություն է նկատվում, այդ թվում հողային աշխատանքներ: Դրա հետ կապված գործակալության փորձագետները ցանկանում են լինել այդ օբյեկտում՝ Իրանի միջուկային ծրագրի հետագա գնահատման նպատակով: