Մոսկվայի քաղաքային դատարանը Աննա Պոլիտկովսկայայի սպանության կազմակերպիչ Դմիտրի Պավլյուչենկովին դատապարտել է 11 տարվա ազատազրկման: Դատավորը Պավլյուչենկովին պարտավորեցրել է Պոլիտկովսկայայի հարազատներին երեք միլիոն վճարել
Դատախազը ՆԳՆ-ի նախկին աշխատակից Պավլյուչենկովի համար 12 տարվա ազատազրկում էր պահանջում, պաշտպանությունը՝ պայմանական ժամկետ: Փաստաբան Կարեն Ներսիսյանը հայտարարել է, որ որոշ ազդեցիկ անձինք պայմանական ժամկետներ են ստացել էլ ավելի վատ հանցագործությունների համար, հայտնում է ՌԱՊՍԻ-ն:
Դատական գործընթացի ժամանակ Պավլյուչենկովն իրեն վատ է զգացել, շտապօգնություն են կանչել: Պավլյուչենկովը ներողություն է խնդրել Պոլիտկովսկայայի հարազատներից եւ ասել, որ իր օրինակը պետք է դաս դառնա այն մարդկանց համար, ովքեր աշխատելու են գնում ՆԳՆ: Նա հավելել է, որ ցանկացել են սպանել նաեւ իրեն:
«Նովայա գազետա»-ի լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանել էին 2006 թ. աշնանը Մոսկվայում: Բացի Պավլյուչենկովից՝ գործին խառն են եղել նաեւ Մահմուդով եղբայրները եւ քրեական հեղինակություն Լոմ Ալի Գայտուկայեւը: Սպանության անմիջական մեղավոր է համարվում Ռուստամ Մահմուդովը: Պավլյուչենկովը մեղադրյալների աթոռին հայտնվել է հանցակիցներից ավելի շուտ՝ շնորհիվ քննության հետ համագործակցության:
Լրատվամիջոցներում լուր էր հայտնվել ,որ Պավլյուչենկովը նշել է պատվիրատուների անունները: Մասնավորապես նա մատնանշել է չեչեն սեպարատիստների ներկայացուցիչ Ահմեդ Զաքաեւին եւ գործարար Բորիս Բերեզովսկուն: Ըստ քննության վարկածի՝ պատվիրատուն միայն Պավլյուչենկովին վճարել էր 150 հազար դոլար:




























