Արեւմուտքը նախկինի պես չի խառնվի Սիրիայում ռազմական գործողություններին, սակայն ամեն կերպ կշարունակի աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր ուժերին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Նա աննպատակահարմար է համարում Արեւմուտքի ձգտումը՝ պաշտպանել այնպիսի ուժերի, որոնք հիմքը լուրջ սպառնալիք ներկայացնող արմատական իսլամիստներն են:

Ինչ վերաբերում է սիրիական հակամարտությունում Ռուսաստանի դերին, արաբագետը նշեց, որ խոշոր հաշվով, Կրեմլը պասիվ քաղաքականություն է վարում:

Սարգիոս Գրիգորյանը նաեւ նկատեց, որ Թուրքիայի տարածքում Սիրիայի զինված ընդդիմության միասնական կառույց է ստեղծվել, որոնց շարքում հիմնավորապես հաստատվել են «Մահմեդական եղբայրներ» շարժման անդամները: Հենց նրանք էլ, ըստ փորձագետի, զգալի դեր են խաղում Սիրիայի տարածքում ռազմական գործողություններում:

Անդրադառնալով որոշ փորձագետների տեսակետին, թե ռազմական գործողությունները կարող են տարածվել Իրանում՝ տարածաշրջանում շիաների ազդեցությունը թուլացնելու նպատակով, ապա Գրիգորյանն ասաց հետեւյալը. «Իրանում ռազմական ցնցումները հատկապես ձեռնտու չեն Հայաստանին: Եթե ռազմական գործողությունները տարածվեն Իրանում, եւ Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել Ղարաբաղում, դա Բաքվի վերջը կլինի: Այդուհանդերձ, այդ դեպքում Ադրբեջանը, բոլոր դեպքերում, աջակցություն կստանա Թուրքիայից»: