Դոնորությունը առողջապահական համակարգի շատ կարեւոր խնդիրներից է: Անցնող տարում տվյալ բնագավառում բազմաթիվ բարեփոխումներ  են արվել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարարության  Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:

«Արյան փոխներարկման եւ բուժօգնության գործընթացը կարգավորող օրենսդրական դաշտ ստեղծելու առաջին քայլը 2011թ. նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում ընդունված  «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքն էր: Այդ օրենքով  կարգավորվում են մարդու  արյան  եւ նրա բաղադրամասերի, փոխներարկման եւ դրա կատարման որակի հետ կապված հարցերը», - նշել Հայաստանի առողջապահության նախարարության  գլխավոր արյունաբանը՝ հավելելով, որ այդ օրենքով սահմանվել են դոնորության եւ փոխներարկման հիմնական սկզբունքները, դոնորների, արյուն ստացողների, բժշկական եւ այլ կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները:

Նրա խոսքով՝ Հայաստանը որակյալ դոնորական արյուն ունենալու բոլոր հնարավորություններն ունի: Հայաստանում արյուն հավաքելու խնդրի վերաբերյալ հարցին Դաղբաշյանը պատասխանել է, որ Հայաստանում կամավորների ինստիտուտն այդպես էլ չձեւավորվեց: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Դոնորների միջազգային ասոցիացիայի չափանիշների համաձայն՝ երկրին արյան բաղադրամասերով ինքնապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի բնակչության 2 տոկոսը դոնոր լինի, սակայն հանրապետությունում այդ ցուցանիշն այժմ ընդամենը  մոտ  0,3% է»,- ասել է երկրի գլխավոր արյունաբանը ՝ այդ համատեքստում նշելով քարոզչության կարեւորությունը: