Սերբիայի ամենահարուստ եւ ազդեցիկ մարդկանցից մեկը՝ միլիարդատեր Միրոսլավ Միշկովիչը եւ նրա տղան 30 օր կանցկացնեն բանտում՝ սպասելով ֆինանսական խարդախության մեջ ներգրավված լինելու գործով դատավարությանը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Միշկովիչը, նրա որդին՝ Մարկոն եւ եւս 8 մարդ կալանավորվել են 48 ժամով։ Ոստիկանության տվյալներով՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու եւ մասնավորեցված ընկերությունների ակտիվներից ապօրինի ճանապարհով 30 միլիոն եվրո ստանալու գործով օլիգարխը, Մարկոն եւ եւս 4 հոգի հանդիսանում են գլխավոր կասկածյալներ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Միրոսլավ Միշկովիչը հանդիսանում է «Delta Holding» մասնավոր խոշոր ընկերության սեփականատեր, որը զբաղվում է մանրածախ առեւտրով,անշարժ գույքով, ապահովագրություններով եւ ներառում է Սերբիայի գյուղատնտեսական եւ սննդամթերքի արտադրությամբ զբաղվող մի շարք ձեռնարկություններ։ Ռուսաստանում նրա ընկերությունը ներկայացնում է «Intersport» սպորտային ապրանքների մանրածախ խանութների ցանցը։