«Վրացական երազանքը» նախագահի թեկնածու չի փնտրելու կոալիցիայից դուրս: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության պատգամավոր Դավիթ Բերձենիշվիլին: «2013 թվականի նախագահական ընտրությունները կհաղթի «Վրացական երազանքի» յուրաքանչյուր թեկնածու»,-ասել է նա «Վերսիա» թերթին:
Բերձենիշվիլին հերքել է ենթադրությունը, թե «Վրացական երազանքի» կողմից նախագահի թեկնածու կդառնա երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:
«Եթե մենք լինենք խորհրդարանական հանրապետություն, ապա ինչպես արդեն ասաց վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, օպտիմալ թեկնածուն Վախթանգ Խմալաձեն է (Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը)»,-հայտարարել է Դավիթ Բերձենիշվիլին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժման» թեկնածուն կլինի նախագահական ընտրություններում: Ինքը՝ Միխայիլ Սահակաշվիլին այլեւս իրավունք չունի առաջադրվել, քանի որ արդեն երկու անգամ անընդմեջ ընտրվել է նախագահի պաշտոնում:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ խորհրդարանական ընտրություններում պարտությունց հետո «Միացյալ ազգային շարժումը» մտադիր է փոխել իր անվանումը: Թբիլիսյան «Վերսիա» թերթի աղբյուրների համաձայն, կուսակցությունը կկոչվի «Նոր ժողովրդավարական շարժում» կամ «Շարժում հանուն ապագայի»:




























