Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մերձավոր դաշնակից, Վրաստանի հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Գիա Ճանթուրիան, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հեռացել է իր պաշտոնից: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, Վրաստանի հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհուրդը բավարարել է Ճանթուրիայի հրաժարականի դիմումը:

Վրաստանի հանրային հեռարձակողի խնդիրներն սկսվել են հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր «Վրացական երազանքի» համոզիչ հաթանակից անմիջապես հետո:

Նախընտրական արշավի ժամանակ Վրաստանի հանրային հեռարձակողի բոլոր երեք ծրագրերով եւ Հանրային ռադիոյի երկու ծրագրերով ուղղորդված հակաքարոզչություն էր իրականացվում «Վրացական երազանք» կոալիցիայի եւ նրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ՝ ընդհուպ մինչեւ ռուսական հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու մեղադրանքների հնչեցումը:

Վրաստանի նոր կառավարությունը ֆինանսական ստուգումներ է իրականացրել, որի արդյունքում, Վրաստանի հանրային հեռարձակողի մոտ ֆինանսական խախտումներ եւ 2 մլն դոլարի պարտք է հայտնաբերվել:

Վրաստանի հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Գիա Ճանթուրիան հայտարարել էր քաղաքական հետապնդումների մասին, իսկ «Վրացական երազանքի» ներկայացուցիչները խոսում էին Վրաստանի հանրային հեռարձակողի լուրջ վերակազմավորումների անհրաժեշտության մասին:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Վրաստանում լուրջ կադրային զտումների կենթարկվի Վրաստանի հանրային հեռուստատեսության «Մոամբե» (Լրաբեր) լրատվական ծրագրի խմբագրությունը, իսկ հեռուստաընկերության նոր գլխավոր տնօրեն կնշանակվի մեկ ամսվա ընթացքում:

Օրերս փոխվել է նաեւ «Աջարիա» հեռուստաալիքի (Աջարիայի ինքնավար հանրապետության պետական հեռուստատեսություն) ղեկավարությունը որն այժմ ղեկավարում են «Վրացական երազանքի» կողմնակից կադրերը: