Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկուն, Կարլ Բիլդտին եւ Նիկոլայ Մլադենովին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե հանրապետության ղեկավարը ողջունել է արտաքին գործերի նախարարների այցելությունը Հայաստան: Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման գործում ԵՄ շահագրգիռ անդամ երկրների ներգրավվածությունը եւ աջակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները: Կողմերի գնահատմամբ, այդ հարաբերությունները զարգանում են ինտենսիվորեն եւ տեղափոխվել են որակապես նոր հարթություն: Նշվել է, որ Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում, հաջողությամբ են ընթանում նաեւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: