Ռուսաստանի Տուլայի մարզում գործարար Գեղամ Սարգսյանը, ով այս տարվա գարնանը հետ էր մղել զինված ավազակների հարձակումն իր տան վրա, որի ընթացքում դանակահարել էր նրանցից երեքին, անմեղ է ճանաչվել:
Գեղամ Սարգսյանը ստիպված է եղել պաշտպանել իր եւ իր ընտանիքի անդամների, այդ թվում երեխաների կյանքը, ուստի սպանության համար մեղավոր չի ճանաչվում, հաղորդում է NEWSru.com-ը:
«Քննությունը պարզել է, որ Սարգսյանը շատտպանվել է հարձակվողներից եւ գործել անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակներում»,-ասված է Տուլայի դատախազության այսօր՝ դեկտեմբերի 14-ին տարածված հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 10-ին որոշվել է դադարեցնել քրեական գործը «Սարգսյանի գործողություններում հանցակազմի բացակայության» հիմքով: Ընդհանուր առմամբ, մինչ օրս Սարգսյանների դեմ հարձակման գործը մինչեւ վերջ հասկանալի չէ: Քննիչներին հաջողվել է պարզել, որ զինված հարձակում գործած 4 ավազակներից բացի եղել են նաեւ ոմն Չերեպովսկի եւ Կոզլով: Ապրիլի 7-ին տեղի ունեցած այս դեպքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 7-ի երեկոյան Բոգորոդիցկայում 4 զինված անձինք (Կեվլիշվիլի, Ռոժդեստվենսկի, Աբուլաձե եւ Սերբին) եկել են Սարգսյանների տուն: Այդ պահին տանը բացի Գեղամ Սարգսյանից եղել են նրա կինը, դուստրն ու հարսը, ինչպես նաեւ 4 մանկահասակ երեխաներ: Հանցագործները ծեծել են մեծահասակներին եւ պահանջել իրենց տալ տանը եղած փողերն ու թանկարժեք իրերը՝ սպառնալով երեխաներին: Սարգսյանը հետո պատմել է, որ ինքը որոշել է դիմադրել, երբ վրացերենով լսել է հետեւյալ արտահայտությունը. «Ժամանակն է կանանց վերացնելու»:
52-ամյա Սարգսյանը նետվել է դեպի խոհանոց վերցրել դանակն ու հարձակվել ավազակների վրա: Երեքին նա տեղում դանակահարել է, իսկ 4-րդը կարողացել է փախչել, բայց հետո ձերբակալվել է:
Այդուհանդերձ, իրավապահները շարունակել են հսկել Սարգսյանների տունը, քանի որ ավազակները հնարավոր է հանցակիցներ ունենային դրսում եւ հարձակումը կարող է պատվերով եղած լիներ:



























