Դեկտեմբերի 14-ին ամբողջ Եգիպտոսում ընթացել են Սահմանադրության նախագիծը պաշտպանելու կամ մերժելու բողոքի ակցիաները:
Կահիրեում՝ Թահրիր հրապարակում հանրահավաքի են ելել երկրի առաջնորդի հակառակորդները։ Հրապարակից կոչեր են հնչել երկրի ազատ քաղաքացիներին՝ երկրի հիմնական օրենքին դեմ քվեարկել, որը նրանց խոսքերով, վերամշակված է աստվածաբանների կողմից։
Ընդդիմությունը ցույց է արել նաեւ նախագահական պալատի՝ «Ալ-Իթիհադիա»-ի դիմաց, որը վերջին շաբաթվա ընթացքում դարձել է ցուցարարության գլխավոր հրապարակ։ Բանակն իր հերթին, զգալի ուժեղացրել է իր ներկայությունը եգիպտական նախագահի նստավայրում։ Այս դիրքերի մոտակայքը կրկին զբաղեցրել է ծանր զրահատեխնիկան։
Մուրսիի կողմնակիցները ցույցեր են արել «Ռաբիա Ադավիա» մզկիթի մոտ, նախագահի նստավայրի հարեւանությամբ։ Ցույցի մասնակիցները՝ հիմնականում «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամներն են, որոնք աջակցում են հանրաքվեին, հայտնում է «Ռոսբալթ»-ը։
Երկրի երկրորդ մեծ քաղաքում՝ Ալեքսանդրիայում, սահմանադրության կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ ընդհարումներ են եղել։
Ավելի վաղ Եգիպտոսի կառավարությունը սահմանադրական հանրաքվեն բազմամարդ դարձնելու համար հայտարարել էին, որ կտուգանեն այն ընտրողներին, ովքեր չմասնակցեն քվեարկությանը։ Տուգանքի չափի մասին ոչինչ հայտնի չէ։
Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ դեկտեմբերի 15-ին նշանակված նոր սահմանադրության հանրաքվեի օրը փոխվի։





























