Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր` դեկտեմբերի 14-ին մասնակցել է Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստին: Նիստի ժամանակ նախարարը անդրադարձել է անցնող տարում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ձեռք բերված արդյունքներին, նշել, որ տարին հաջողված ու արդյունավետ էր նաեւ Արմավիրի մարզի տնտեսությունների համար, որոնք բոլոր առումներով գերազանցել են նախորդ տարվա բնագծերը: Կարեւորելով իշխանությունների կողմից ոլորտին հատկացվող ուշադրությունն ու իրականացվող աջակցման ծրագրերը` նախարարը հավաստիացրել է, որ դրանք հաջորդ տարիներին նույնպես շարունակական են լինելու:

Հատուկ անդրադարձ է եղել մթերումների գործընթացին: «Տարիներ շարունակ մենք լուրջ խնդիրներ ենք ունեցել այս ոլորտում: Այս տարվա կարեւոր նվաճումներից մեկը մթերումների գործընթացի կարգավորման ուղղությամբ ձեռքբերված առաջընթացն էր: Միայն Արմավիրի մարզում մթերվել է 8 միլիարդ դրամի միրգ ու բանջարեղեն, որից այս պահի դրությամբ չի վճարվել ընդհամենը 210 միլիոն դրամը»,- ասել է նախարարը` նշելով, որ մինչեւ դեկտեմբերի 20-ը, ինչպես այս, այնպես էլ հանրապետության մյուս մարզերում չվճարված փոքրածավալ պարտքերը ամբողջությամբ կմարվեն:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նիստի ժամանակ նաեւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանին է հանձնել դեռեւս հոկտեմբեր ամսին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ եւ ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի ու բեղմնավոր աշխատանքի համար վերջինիս ստացած ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական նվաճումների ոսկե մեդալը: