Մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտը արդեն 8- րդ անգամ է իր դռները բացել երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի առջեւ: Սահադաշտի պաշտոնական բացման առիթով կազմակերպվել է մարզամշակութային շոու` հայկական էստրադայի ներկայացուցիչների եւ գեղասահքի ու տափողակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականների անդամների մասնակցությամբ: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ պատանի ու նաեւ երիտասարդ գեղասահորդներն այստեղ սիրելի մարզաձեւով զբաղվելու հնարավորություն կունենան ամեն օր՝ ժամը 11:30-ից մինչեւ 15:30-ը, որից հետո կլինի տեխնիկական դադար` սառույցի կարգաբերման աշխատանքները իրականացնելու համար: Սահադաշտը կրկին կգործի ժամը 18:00 –ից մինչեւ ժամը 23:00-ը:
Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը նշել է, որ քաղաքապետարանը անելու է հնարավորը, որպեսզի գեղասահքի սիրահարների հաճելի ժամանցն ապահովված լինի: Սահադաշտի տոմսի արժեքն, ի դեպ, անփոփոխ է մնացել: Սեփական չմուշկներով սահելու մեկ ժամը կարժենա 500, իսկ վարձույթի դեպքում`1000 դրամ: Սահելու հնարավորություն կտրվի բոլոր ցանկացողներին: Տեղում կաշխատեն նաեւ մարզիչներ, ովքեր սկսնակ սահորդներին կծանոթացնեն մարզաձեւի հմտություններին եւ սահել կսովորեցնեն: Սահադաշտի հարեւանությամբ կգործի բուժկետ` վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար:





























