Ղազախստանը կարող է 2025 թվականից ղազախերենի համար օգտագործել լատինական տառերը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Աստանայում, Ղազախստանի ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

«Դա կնպաստի ոչ միայն ղազախերենի զարգացմանը, այլեւ այն կվերածի ժամանակակից տեղեկատվության լեզվի»,-ասել է նա:

Ղազախստանի նախագահը նշել է, որ հետագայում եւս համալիր միջոցառումներ կիրականացվեն պետական լեզվի զարգացման ուղղությամբ: «Անհրաժեշտ է արդեն հիմա սկսել նախապատրաստական աշխատանքները 2025-ից ղազախերենը լատինատառ դարձնելու ուղղությամբ»,-ասել է երկրի նախագահը, հավելելով, որ 2025-ին ղազախերենը կդառնա երկրի կյանքի բոլոր ոլորտներում գլխավոր լեզուն:

Նազարբաեւը նշել է, որ «եթե անկախության ձեռքբերման պահին ղազախների թիվը երկրում կազմում էր 6,8 մլն կամ բնակչության 41 տոկոսը,. ապա հիմա այն հասել է 11 մլն-ի եւ անցել 65 տոկոսից»: