Ամանորյա տոներին ընդառաջ Երեւանի կոնյակի գործարանում կանցկացվի «Բաց դռների օրեր» միջոցառումը։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Երեւանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունից, միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին եւ 16-ին:

Միջոցառման շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան շրջայց կատարել գործարանի հնեցման արտադրամասում, ծանոթանալ Արարատ հայկական կոնյակների արտադրական պրոցեսին, կոնյակի պատրաստման կարեւոր մաս հանդիսացող` տակառագործության նրբություններին, ինչպես նաեւ տեսնել Երեւանի կոնյակի գործարանի հնագույն կոնյակների հավաքածուից որոշակի նմուշներ:

Կայանալիք միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաեւ ԱՐԱՐԱՏ կոնյակների պատմությանն առնչվող արխիվային բացառիկ նյութերի անդրանիկ ցուցահանդեսը:

Հարկ է նաեւ նշել, որ միջոցառման շրջանակներում Երեւանի կոնյակի գործարանում կցուցադրվի Հայկական կոնյակի 1894թ. եզակի նմուշը, որը հատուկ այս միջոցառման համար տրամադրվել է Երեւանի պատմության թանգարանի կողմից:

Այդ օրերին ժամը 10:00-ից մինչեւ 17:00 կգործեն ավտոբուսներ, որոնք Ձեզ անվճար կտեղափոխեն Երեւանի կոնյակի գործարան Հանրապետության հրապարակի շատրվանների մոտակայքից: Մուտքն ազատ է: