Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին եւ կարեւորել նման հանդիպումները, որոնք, Հանրապետության ղեկավարի խոսքով, հնարավորություն են տալիս հայ-ամերիկյան բազմաբնույթ հարաբերությունների շրջանակում քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ վստահության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ դրական դինամիկա ունեն:
Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Մինսկի խմբի շրջանակներում ակտիվ ներգրավվածության եւ այդպիսով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը մեծապես նպաստելու համար:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր է գնահատել այն ներդրումը, որ Հայաստանը կատարում է Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղապահ առաքելության իրականացման գործում:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, երկուստեք կարեւորել ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը:
ՀՀ նախագահը եւ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը կարեւորել են մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ ջանքերը, ընդգծելով, որ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց այդ ուղղությամբ արմատական քայլերի:




























