ՀՀԿ-ի դեկտեմբերի 15-ի արտահերթ համագումարում կներկայացվի 2013թ-ի նախագահական ընտրությունների ծրագրի նախագիծը եւ կարգախոսը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 14-ին, ՀՀԿ գործադիրի եւ խորհրդի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա փոխանցեց, որ ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում հաստատվել է դեկտեմբերի 15-ին տեղի ունենալիք արտահերթ համագումարի օրակարգը:

«Եվ գործադիր մարմինը եւ խորհուրդը միաձայն ընդունել է սկզբնական եւ տարածքային կազմակերպությունների որոշումը, որպեսզի  նախագահի թեկնածու առաջադրվի ՀՀԿ  նախագահ Սերժ  Սարգսյանը: Վաղը կլինի Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը, համագումարի պատվիրակներին կտրամադրեն ծրագրի նախագիծը»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը եւ ավելացրեց, որ օրենքով սահմանված կարգով ` մեկ ամիս հետո կուսակիցներից ստացված առաջարկությունների հիման վրա նախընտրական ծրագիրը ամբողջական եւ վերջնական տեսք կունենա:

Էդուարդ Շարմազանովի խոսքով, ՀՀԿ-ն ժողովրդական արժեքներ դավանող քաղաքական ուժ է եւ երբեք, որեւէ մեկին, որեւէ վերջնագիր կամ պարտադրանք ներկայացնելով առաջ չի շարժվում: « Անկախ տարբեր քաղաքական ուժերի առաջադրումներից, չառաջադրումներից, սցենարներից մենք միշտ ունեցել ենք եւ կունենանք մեր սցենարը, մեր ճանապարհը: Անկախ տարբեր քաղաքական ուժերի ախորժակից եւ ցանկությունից ՀՀԿ-ն գնալու է դեպի ապահով Հայաստանի կառուցում»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը: