Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարությունում ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկիին, Կարլ Բիլդտին եւ Նիկոլայ Մլադենովին: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սարգսյանը նախ անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացքին եւ զարգացման հեռանկարներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկրի օրակարգային թիվ մեկ խնդիրը Արեւելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ Խորը եւ համափարակ ազատ առեւտրի համաձայնգրի բանակցությունների հաջող ավարտն է: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի նպատակն է հաջողությամբ ընթացող բանակցություններն ավարտին հասցնել արդեն 2013 թվականի վերջին:

«Մեր նպատակն է շարունակել եւ նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումներին, ինչը կամրապնդի եւ կզարգացնի մեր պետությունը»,- ասել է վարչապետ Սարգսյանը:

Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի ԱԳ նախարարները ողջունել են ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումների ծրագիրը եւ նշել, որ ԵՄ-ն կշարունակի իր օժանդակությունը ցուցաբերել Հայաստանին՝ ավելին ավելիի դիմաց սկզբունքով:

Անդրադառնալով վիզային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցություններին՝ կողմերը գոհունակությամբ փաստել են, որ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ դեկտեմբերի 17-ին կստորագրվի մուտքի արտոնագրի դյուրացման համաձայնագիրը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2013 թվականի հունվարի 1-ից ԵՄ անդամ-երկրների բոլոր քաղաքացիները կկարողանան մուտք գործել ՀՀ՝ առանց մուտքի արտոնագրի, ինչն ըստ վարչապետի, կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Խոսելով Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունների մասին՝ եվրոպական երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորել են դրանց թափանցիկության ապահովումը եւ բարձր մակարդակով անցկացումը:

Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն կամք եւ նպատակ՝ անցկացնելու միջազգային նորմերին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ:

Կողմերը հանգամանալի կերպով քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նշելով, որ Հայաստանի նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորումն է՝ վարչապետը շեշտել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների եւ գնում դրանց վիժեցման ճանապարհով: Կառավարության ղեկավարը փաստել է, որ այդ երկրի իշխանությունները շարունակում են սպառազինման քաղաքականությունը եւ սեփական հանրությանը նախապատրաստում պատերազմի: «Այդ հարցում միջազգային հանրությունը պետք է հայտնի իր հստակ դիրքորոշումը եւ այն արտացոլի միջազգային որեւէ փաստաթղթում: Դրանով պետք է ամրագրվի, որ ԼՂ հակամարտությունն ուժի կիրրառմամբ լուծելու քայլեր կատարող պետության հանդեպ կկիրառվեն միջազգային հստակ պատժամիջոցներ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային այլ հարցերի, Սիրիայի խնդրին եւ Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրին: