«Հրապարակը» գրում է, թե երեկ այդպես էլ չհրապարակվեց ՀԱԿ-ի խոստացած հայտարարությունը, որտեղ գնահատականներ էին հնչեցվելու ԲՀԿ-ի հայտնի որոշման կապակցությամբ: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի` նախօրեին կայացած քաղխորհրդի նիստում ԲՀԿ-ի մասով որոշում էր ընդունվել եւ խոստում տրվել, որ երեկ պաշտոնական հաղորդագրություն կտարածվի:

«Ես ուրախ եմ, որ այդ որոշումը չի հրապարակվում, որովհետեւ էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու, հիմա ոչ մի կերպ չեն կարողանում իջնել»,- երեկ մեզ հետ զրույցում ՀԱԿ որոշման չհրապարակման առիթով ասաց «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, որը նույնպես մասնակցել է ՀԱԿ քաղխորհրդի այդ նիստին:

Նշենք, որ ՀԱԿ-ում ուխտ  են արել նիստից եւ ընդունված որոշումից բառ չասել, մինչեւ այն պաշտոնապես չհրապարակվի, սակայն մեր աղբյուրները տեղեկացրել էին, որ որոշումը խայտառակ է այն իմաստով, որ ՀԱԿ-ը չի դատապարտելու Ծառուկյանի չառաջադրվելու եւ ոչ մի թեկնածուի չսատարելու որոշումը եւ հայտարարելու է, որ շարունակելու է համագործակցությունը վերջինի հետ, ավելին՝ դա ներկայացվելու է որպես ՀԱԿ առաջնորդի հայտնի քաղաքագիտական վերլուծության ցանկալի արդյունք:

Գիմիշյանը նույնպես, հավատարիմ ուխտին, նշեց, որ չի կարող մանրամասնել այդ որոշումը: «Որոշումը հետեւյալն էր. ես քաղխորհրդի նիստից դուրս եմ եկել, պայմանավորվել, որ պետք է այդ բովանդակությամբ հրապարակեն որոշումը` նշելով, որ դեմ է եղել միայն մեր կուսակցությունը: Իհարկե, դա որոշում համարել չի կարելի, որովհետեւ, եթե մի կուսակցությունը դեմ է, ապա կանոնակարգով դա չընդունված որոշում է: Եթե իմ գործընկերները որոշել են չհրապարակել էդ որոշումը, ինձ դա ուրախացրել է: Ուրեմն, իմ համոզմունքը, որ Հայ ազգային կոնգրեսին այդ որոշումը պատիվ չի բերում, ի վերջո նպատակին է հասել, եւ իմ գործընկերներն ի վերջո որոշել են, որ չարժե հրապարակել այդ որոշումը»,- ասաց Գիմիշյանը:

Նշենք, որ Գիմիշյանից բացի ԲՀԿ-ի վերաբերյալ ՀԱԿ-ի քաղաքագիտական վերլուծությանը դեմ էր նաեւ Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը: Երկուսն էլ ի սկզբանե անհնար էին համարում, որ ԲՀԿ-ն դեմ կգնար իշխանությանը, քանի որ այդ կուսակցությունն իշխանության հիմնասյուներից է: Մակեյանը, սակայն, ըստ Գիմիշյանի, նիստին չի մասնակցել: «Նրան չէին կարողացել գտնել, եւ փոխարինողն էր մասնակցում, որը կողմ արտահայտվեց որոշմանը»,- ասաց Գիմիշյանը: Քաղխորհրդի նիստին ներկա չեն եղել Վաղարշակ Հարությունյանի «Ազգային վերածնունդ», Հրանտ Բագրատյանի «Ազատություն», Մանուել Գասպարյանի «Ժողովրդավարական ուղի»,  Գառնիկ Մարգարյանի «Հայրենիք ու պատիվ»   կուսակցությունները եւ «Այլընտրանք» նախաձեռնությունը: