ԱՄՆ-ում նոր ողբերգություն է տեղի ունեցել. հրաձիգը կրակ է բացել Կոնեկտիկուտ նահանգի  Նյութաուն քաղաքի տարրական դպրոցի մոտ: 28 մարդ զոհվել է:

20-ամյա Ադամ Լանզան, զինված երկու ատրճանակով` Glock եւ Sig Sauer, ինչպես նաեւ Bushmaster հրացանով, սառնասրտորեն սպանել է 20 երեխայի եւ ութ մեծահասակի: Նա չի խնայել նաեւ սեփական մորը, որն աշխատում էր երեխաների տարրական դպրոցում: Հենց նրա խմբում են ամենաշատ զոհերը, հայտնում է  vesti.ru-ն:

Ադամ Լանզային՝ ամբողջովին սեւ հագած,  զրահաբաճկոնով, սպանդի վայրում մահացած են գտել:

Գլխավոր վկաները փրկված երեխաներն են, որոնցից շատեր տասը տարեկան էլ  չկան: Դա նրանց եւ նրանց դաստիարակի դեմ ուղղված հարձակում էր: 20 երեխաներից 18-ը տեղում մահացել են, երկուսն էլ մահացել են հիվանդանոցում: 

Հետաքննության առաջին արդյունքները ցույց են տվել, որ սպանվել է նաեւ Լանզայի հայրը, որին  հայտնաբերել են Նյու Ջերսի նահանգի իր տանը: Դեռեւս չեն կարողանոմ գտնել ահաբեկչի ընկերուհուն եւ նրա մտերիմ ընկերոջը:  Հրաձգության են ենթարկվել նաեւ ուսմասվարը եւ դպրոցի տնօրենը: Վնասվել է ուսուցիչներից մեկի  ոտքը, նա գտնվում է հիվանդանոցում:

Ադամ Լանզան 2006թ. ավարտել էր հենց այդ դպրոցը: Twitter-ի նրա էջում գրառում կա, որն այժմ  հանցանշան է. «Ես ուրախ կլինեի, եթե այս աշխարհը կործանվեր երկու շաբաթ անց»: Ոստիկանությունը եւ դաշնային գործակալները  փորձում են պարզել, թե ինչն է դրդել հրաձիգին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուղիղ եթերում սրբել է արցունքները: Նա հրահանգել է  զոհերի հիշատակին խոնարհել դրոշները: ԱՄՆ-ում քառօրյա սուգ է հայտարարվել:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ցավակցել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի մունը, ԵՄ-ի դիվանգիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II  թագուհին, Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ այլք: