ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է «Մագնիտսկու օրենքը»՝ Ջեքսոն-Վենիկի օրենքի փոփոխությունը չեղյալ համարելով, ինչի օգտին քվեարկել էր Սենատը:

Այժմ սենատորներն Օբամայից պահանջում են հրապարակել ռուս պաշտոնյաների սեւ ցուցակը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ջեքսոն-Վենիկի օրենքի փոփոխությունը չեղյալ համարելը Ռուսաստանին վերադարձնում է ԱՄՆ-ի մշտական նորմալ առեւտրային գործընկերոջ կարգավիճակը, սակայն փոխարենը ամերիկյան սենատորները Ռուսաստանի 60 քաղաքացիների որոշել են  պատժել «Մագնիտսկու օրենքով», որն արգելում է նրանց մուտքն ԱՄՆ եւ սառեցնում ամերիկյան բանկերում բոլոր հաշիվներն ու անշարժ գույքի գործարքները։

Ըստ Վաշինգտոնի` «Մագնիտսկու ցուցակում» ընդգրկված ռուսները  մասնակից են 2009թ.  ռուսական բանտում Hermitage Capital  հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու ողբերգական մահվանը եւ մարդու իրավունքների այլ խախտումների:

ՆՏՎ-ն նշում է, որ Ռուսաստանում «Մագնիտսկու օրենքն» անվանում են հակառուսական եւ համանման պատասխան են պատրաստում: Դեկտեմբերի 14-ին Պետդումայի բոլոր չորս խմբակցությունները միաձայն առաջին ընթերցմամբ ընդունել են  «Դիմա Յակովլեւի օրենքը»: Փաստաթուղթն անվանել են ռուս երեխայի անվամբ, որը մահացել էր ԱՄՆ-ում հոր մեղքով. վերջինս սաստիկ տապին տղային թողել էր փակ ավտոմեքենայում:

Ռուս պատգամավորները խոստանում են, որ սեւ ցուցակում կհայտնվեն ոչ միայն ամերիկացի անփույթ  որդեգրողները, այլեւ պաշտոնյաները, դատավորները, հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք այս կամ այն կերպ խախտել են ռուսների իրավունքները: