2012թ. դեկտեմբերի 15-ին լրանում է ֆրանսիացի ինժեներ-շինարար, Փարիզի հանրահայտ Էյֆելյան աշտարակի հեղինակ Գյուստավ Էյֆելի ծննդյան 180-ամյակը։
Ալեքսանդր Գյուստավ Էյֆելը ծնվել է 1832թ. դեկտեմբերի 15-ին Դիժոնում։ 1855թ. Փարիզի արվեստների եւ արհեստների կենտրոնական դպրոցում ինժեների դիպլոմ է ստացել։ 1858թ. ղեկավարել է Բորդոյի երկաթուղային կամրջի շինարարությունը՝ օգտագործելով մետաղական կոնստրուկցիաներ եւ իր իսկ հայտնագործած օդաճնշական հիմքերի մեթոդը։
1870 1873թթ. Էյֆելը ճարտարապետական օբյեկտներ է կառուցել Եգիպտոսում, Չիլիում, Հունգարիայում եւ Պորտուգալիայում։ 1875թ. ճարտարապետ Լուի Շառլ Բուալոյի հետ Փարիզում կառուցել է «Օ բոն մարշե» խանութը։ Դրա ապակյա գմբեթներով տաղավարներն աշխարհում ընդօրինակման նմուշ են դարձել։ 1876թ. Էյֆելը նախագծել է ամերիկյան Ազատության արձանի պողպատե կաղապարը։ Էյֆելի ամենահամարձակ նախագծերից է Ֆրանսիայի անդնդախոր կիրճը ծածկող Վիադուկ Գարաբի ուղեկամուրջը (1884), որի երկարությունը 165 մ է, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Գյուստավ Էյֆելին համաշխարհային ճանաչում բերեց պողպատե նախշազարդ Էյֆելյան աշտարակը, որը կառուցվել էր Փարիզում 1889թ. Համաշխարհային ցուցահանդեսի համար եւ դարձել Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը։ Աշտարակի ընդհանուր բարձրությունը 312 մետր է, զանգվածը՝ 9,7 հազար տոննա։
1909թ. Փարիզում ինժեները կառուցել է աերոդինամիկ լաբորատորիա։
Գյուստավ Էյֆելը մահացել է 1923թ. Փարիզում՝ 91 տարեկան հասակում։

































