Ամերիկյան դպրոցում սպանդ կազմակերպած Ադամ Լանցը հոգեկան խանգարում ուներ, հնարավոր է՝ աուտիստ էր, գրում է New York Post-ը։ АР-ի աղբյուրները եւս հաստատել են, որ Լանցը հոգեկան հիվանդ էր, ապրում էր մոր հետ եւ սպանդը կազմակերպել էր նրա հետ վիճելուց հետո։ Ադամի մայրը, որն աշխատում էր Sandy Hook դպրոցում, նրա առաջին զոհն է դարձել։ Ամենավերջում մարդասպանն ինքնասպան է եղել։ Լանցի զոհ են դարձել 5-10 տարեկան 20 երեխա եւ վեց չափահասներ։ Միայն մեկ վիրավորն է ողջ մնացել՝ դպրոցի ուսուցչուհին, հայտնում է NEWSru.com-ը։ ABCNews-ը հրապարակել է մարդասպանի լուսանկարը։
«Ռոսբալտը» գրում է, որ հանցանքի զենքը ձեռք էր բերվել օրինական ճանապարհով եւ գրանցված էր մոր անունով։
CNN հեռուստաալիքի տվյալով, ոստիկանությունը հրազենի երեք միավոր է հայտնաբերել՝ Sig Sauer ու Glock-ը հանցագործի մոտ են եղել, իսկ Bushmaster կիսաավտոմատ հրացանը՝ դպրոցի կայանատեղում կայանած նրա ավտոմեքենայում։ Վերոհիշյալ զենքերը գրանցված են եղել Նենսի Լանցի՝ մարդասպանի մոր անվամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նենսին, ով Sandy Hook-ում ուսուցչուհի էր, սպանվել էր իր աշակերտների հետ միասին, գրում է Lenta.ru-ն։ Սակայն CNN-ի զրուցակիցները հայտարարել են, որ կնոջ մարմինը գտնվել է որդու Նյութաունի բնակարանում։
Ադամի ավագ եղբայրը եւ Ադամի հայրը համագործակցում են քննության հետ։ Նախկինում հաղորդվել էր, որ մարդասպանը 24-ամյա Ռայան Լանցն է, սակայն հետո պարզվել էր, որ Ադամի մոտ եղբոր փաստաթղթերն են եղել, ինչի պատճառով էլ թյուրիմացություն էր ծագել։ Չի հաստատվել նաեւ այն լուրը, թե մարդասպանի հայրն ու եղբայրը սպավել են։
Lenta.ru-ն, վկայակոչելով Sky News-ին, նաեւ հայտնում է, որ Նյութաունի կաթոլիկական եկեղեցում զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել, որին հարյուրավոր բնակիչներ են մասնակցել։ Նրանք մոմեր են վառել եւ ձեռք ձեռքի տված կանգնել, շատերը դրսում լուռ կանգնել կամ աղոթում էին, նշում են լրատվամիջոցները։
Ճշտված տվյալներով՝ դեկտեմբերի 14-ին Ադամ Լանցը, գտնվելով տանը, նախ սպանել է մորը, հետո գնացել է դպրոց, որտեղ աշխատում էր մայրը, եւ 5-10 տարեկան 20 երեխայի ու վեց չափահասի սպանել, ինչից հետո ինքնասպան է եղել։



























