Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծում ստանա բացառապես խաղաղ ու բանակցային ճանապարհով, միեւնույն ժամանակ պատրաստ ենք վճռականորեն պատասխանելու յուրաքանչյուր արկածախնդրության եւ ոտնձգության, որն ուղղված կլինի եւ կսպառնա մեր անվտանգությանը։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի ժամանակ։

Սարգսյանը նշեց, որ, հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, հայատյացությունը, ուժի եւ ուժի ամենօրյա սպառնալիքի կիրառումը, բոլոր հնարավոր միջոցներով ավելի են մեծացնելու Լեռնային Ղարաբաղի եւ նրա բնակչության անվտանգության երաշխիքները։ «Շարունակելու ենք բանակցային գործընթացը։ Երախտագիտություն հայտնելով Մինսկի խմբի համանախագահող երկրների հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներդրված ջանքերի համար՝ միաժամանակ մշտապես միջնորդների եւ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրելու խաղաղ կարգավորումը հնարավոր դարձնող վստահության միջոցների ստեղծման եւ ամրապնդման հարցերին։ Ադրբեջանի քաղաքականությունն ընդհանրապես, մասնավորապես՝ դիպուկահարներին հետ քաշելուց հրաժարվելը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի գործարկումից հրաժարվելը, մարդասպաններին հերոսացնելը, այլատյացությունը եւ ռասիզմը խրախուսելը, անհուսալի եւ երկերեսանի կեցվածքը բանակցությունում, որեւէ կերպ չեն նպաստում վստահության ստեղծմանը եւ համապատասխան արձագանք չգտնելու դեպքում ծայրաստիճան սրում են իրավիճալն ամբողջ տարածաշրջանում։ Բնական եւ բանական կլինի, որ Արցախն օր առաջ զբաղեցնի իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ, ուստի, մեր ջանքերն ուղղելու ենք նշված հարցի շուտափույթ լուծմանը»,- ասաց նախագահը։

Սարգսյանը նաեւ նշեց, որ միջազգային գործընթացների համատեքստում այսօր ականատեսն ենք ինքնորոշման իրավունքի իրացման վառ օրինակների, որոնք չեն հանգեցնում պատերազմենրի կամ ուժային ճնշումների: «Արցախը Եվրոպայի մասն է։ Մենք միշտ եղել ենք ու շարունակում ենք մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից։ Լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու Արցախի եւ միջազգային հանրության շփումները սերտացնելու համար։ Պետք է զարգացվեն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միջեւ սերտ կապն ու միասնակաբբ օրակարգի սերքո գործունեությունը։ Համատեղ ջանքերով մեր նպաստն ենք բերելու ազատ, անկախ, ժողովրդավարական Արցախի կայացմանն ու զարգացմանը»,- նշել է նա: