Գլենդելում պարզվել է տղամարդու ինքնությունը, ով դեկտեմբերի 10-ին մահացել է միկրոավտոբուսի տակ ընկնելու հետեւանքով: Նա 83-ամյա Գուրգեն Անուշյանն է: Լոս Անջելեսի շրջանի քննիչները հինգշաբթի օրը հայտարարել են, որ փորձաքննություն են անցկացնելու՝ վնասվածքների բնույթը պարզելու համար, որոնք հանգեցրել են հետիոտնի մահվան:

Ինչպես հաղորդում է «Glendale News-Press»-ը, Գլենդելի բնակիչ Գուրգեն Անուշյանի մահն արձանագրվել է Գլենդելի բժշկական կոնտրոնում, որտեղ նրան տեղափոխել էին վթարից հետո: Անուշյանը փողոցն անցնելիս է եղել դրա համար չնախատեսված վայրով, երբ նրան հարվածել է 40-ամյա Սանա Հուսեյնն՝ իր միկրոավտոբուսով: Վերջինս դեպքի վայրից չի փախել:

Անուշյանի մահը այս տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Գլենդելում վրաերթի հետեւանքով մարդ է մահանում:  Նախորդ տարի եւս մեկ նման դեպք է գրանցվել, որի հետեւանքով մահացել էր Գլենդելի բնակիչ 70-ամյա Տոնյա Կիսիշվիլին: