Միջկուսակցական բովանդակային երկխոսությունը ապագայում եւս կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ամրապնդմանը: Այդ մասին ասվում է «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի` ՀՀԿ 14-րդ համագումարին հղած իր ուղերձում:

Մեդվեդեւն ընդգծել է, թե իշխող կուսակցության համագումարը կարեւոր հասարակաքաղաքական իրադարձություն է, որի որոշումները ուղղակի ազդեցություն կունենան երկրի ապագայի, հետեւաբար նաեւ  ռազմավարական գործընկերության բնույթ կրող  հայ-ռուսական հարաբերությունների վրա:

«Այդ համագործակցության մեջ նշանակալի ներդրում ունի «Միասնական Ռուսաստանի» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության արգասաբեր համագործակցությունը, այն կուսակցությունների, որոնք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել են իրենց քաղաքացիների մեծամասնության աջակցությունը»,- ասել է նա:

«Վստահ եմ, որ միջկուսակցական բովանդակային երկխոսությունը ապագայում եւս կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ամրապնդմանը: Համագումարին մաղթում եմ բարեհաջող աշխատանք, իսկ եղբայրական Հայաստանին` ամենայն բարիք, խաղաղություն եւ բարգավաճում»,– եզրափակել է Դմիտրի Մեդվեդեւը:

Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը համագումարում ընթերցել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ, բեւեռախույզ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, Խորհրդային Միության հերոս Արթուր Չիլինգարովը: