Հայաստանում վերջին խորհրդարանական ընտրությունները, համաձայն բոլոր միջազգային դիտարկումների, արձանագրել են շոշափելի փոփոխություններ: Այդ մասին ասել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Վիլֆրիդ Մարտենսը` տեսաուղերձով դիմելով ՀՀԿ 14-րդ համագումարի պատվիրակներին:
ԵԺԿ նախագահը իր խոսքում դիմել է «ոչ միայն ՀՀԿ-ի եւ մեր քաղաքական ընտանիքի, այլեւ Հայաստանի եւ նրա` ԵՄ-ի հետ զարգացող հարաբերությունների ապագայի համար ՀՀ նախագահական կարեւորագույն ընտրություններից երկու ամիս առաջ տեղի ունեցող որոշիչ համագումարին»:
Նա վերահաստատել է ԵԺԿ-ի ամբողջական վստահությունը Սերժ Սարգսյանին: Իր ելույթում ԵԺԿ Նախագահը ընդգծել է վերջերս Երեւանում տեղի ունեցած ԵԺԿ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունված հռչակագիրը վերահաստատել է հիմնարար արժեքների եւ ժողովրդավարական ստանդարտերի կարեւորությունը:
«Ժողովրդական բարեփոխումները մարտահրավեր են, որ մենք ընտրել ենք միասին, դժվարին ճանապարհ հատկապես Հայաստանի համար, որտեղ աշխարհաքաղաքական զարգացումները կայուն չեն: Բայց Դուք Ձեր երկիրը դրել եք ճիշտ ճանապարհի վրա: Իհարկե, դեռ բարելավելու աշխատանքներ կան, բայց վերջին խորհրդարանական ընտրությունները, համաձայն բոլոր միջազգային դիտարկումների, արձանագրել են շոշափելի փոփոխություններ: Ես հավատացած եմ, որ նախագահական ընտրությունները կվերահաստատեն այդ տեղաշարժերը» - ասել է պարոն Մարտենսը` դիմելով ՀՀԿ նախագահին:
«ՀՀԿ հարգելի գործընկերներ, Դուք կարող եք ապավինել ԵԺԿ աջակցությանը: Կհանդիպեն ուժեր, որոնք դիմադրում են փոփոխություններին: Կլինեն մարդիկ, որոնք կպահանջեն ավելի արագ փոփոխություններ: Սակայն բարեփոխումների Ձեր օրակարգը միակ վստահելին է Հայաստանում լուրջ եւ կայուն փոփոխությունների իրականացնելու համար» – ընդգծել է ԵԺԿ նախագահը:
«Մենք բոլորս եվրոպացի ենք: Հայաստանը պատկանում է Եվրոպային: Մենք կիսում ենք նույն ժառանգությունը եւ, հետեւաբար, նույն ճակատագիրը: Նախագահի եւ վարչապետի աշխատանքով ՀՀԿ-ն ապացուցել է փոփոխությունների առաջնորդ լինելու հանգամանքը: Հայ ժողովուրդը վստահել է Ձեզ երկրում փոփոխություններ անելու հարցը:
Ես կասկած չունեմ, որ երկու ամիս հետո հայ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի երկրում հետագա փոփոխություններ իրականացնելու եւ ժողովրդավարությունը համախմբելու համար», - շարունակել է ԵԺԿ ղեկավարը:
ՀՀԿ համագումարի աշխատանքները շարունակվում են:





























