Ռուսաստանն Ադրբեջանին չի ների Գաբալայի ՌՏԿ-ի մասին որոշումը։ «Էխո» թերթի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։

«Չեմ ասում, թե նրանք մեզ պատերազմ կհայտարարեն, բայց նրանցից կարող ենք այս կամ այն քայլեր սպասել», - ասել է փորձագետը։  Նրա խոսքով, Գաբալայի հարցն արդեն որոշված է, թեեւ մինչ վերջին պահը Ռուսաստանն ակնկալում էր վարձակալության ժամկետի երկարաձգում։ Այժմ հարցը փակված է։  Ջաֆարովը հայտնել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կընդունի այդ կայանի տարածքում գտնվող անշարժ գույքը։

Ինչ վերաբերում է Բաքվի որոշմանը իսրայելյան «Մոսսադի» ունեցած մասնակցությանը, ապա, ըստ ռազմական փորձագետի, այդ լուրերը տարածվում են Ադրբեջանին հարավային հարեւան Իրանի եւ Ռուսաստանի հետ կռվեցնելու համար։ 

«Ադրբեջանական կողմն առայժմ չի էլ որոշել՝ կշարունակի արդյոք ՌՏԿ-ի շահագործումը։ Կարծում եմ, զբոսաշրջային համալիրը, որը կարող է կառուցվել կայանի տեղում, կարճ ժամանակում ավելի մեծ շահույթ կբերի, քան ՌԼԿ-ից ստացած եկամուտը», - կարծում է Ուզեիր Ջաֆարովը։

Ռուսական կողմը ադրբեջանականին դեկտեմբերի 10-ին կայանի շահագործման դադարեցման նոտա էր հանձնել՝ պայմանավորված շահագործման մասին  համաձայնագրի ժամկետը լրանալով։

Գաբալայի ՌՏԿ-ն ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության համակարգի կարեւորագույն տարրերից էր։ Ռուսաստանի հետ ՌՏԿ-ի վարձակալման համաձայնագիրը  ստորագրվել էր 2002թ., ժամկետը լրանում է 2012թ. դեկտեմբերի 24-ին։ Խնդիրներ էին ծագել այն պատճառով, որ Ադրբեջանը ցանկանում էր ավելացնել վարձակալման արժեքը։ Հետո լուր տարածվեց, թե իբր «Մոսսադի» (Իսրայելի ռազմական հետախուզության)  ներկայացուցիչները Իլհամ Ալիեւին խորհուրդ են տվել երկրից հեռացնել ռուս զինծառայողներին, որոնք, իբր, հիմնական առաջադրանքից բացի, Ռուսաստանի օգտին լրտեսություն էին իրականացնում։