Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում բանկի աշխատակցուհին 20 մլն ռուբլի է գողացել: Դեկտեմբերի 14-ի ցերեկը Նովոսիբիրսկի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ «Ռուսկի  ստանդարտ» բանկի պահեստից գումար են գողացել:

Օպերատիվ-քննչական գործողությունների ժամանակ պարզվել է, որ դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը, բանկի գանձապահ-գործավար Եկատերինա Մարկովան հանցակիցների հետ միասին կեղծել են 20 մլն ռուբլու 3 գանձարկղային օրդերներ: Ընդ որում, գումարը գանձարկղ այդպես էլ չի ստացվել: Գողացված գումարն աղջիկը փոխանցել է երրորդ անձանց վճարային քարտերին, որից հետո բանկոմատների միջոցով կանխիկացրել են շուրջ 9 մլն ռուբլի, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Բացի այդ, գանձապահ աղջիկը յուրացրել է եւս 745 628 ռուբլի, 1150 դոլար եւ 1100 եվրո: Հետքերը կորցնելու համար, նա գանձարկղային պայուսակներում է դրել կեղծ դրամական փաթեթներ եւ հանձնել դրանք բանկի չհրկիզվող սենյակ:

Ռուսաստանի ՆԳՆ Նովոսիբիրսկի մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ներկայումս օպերատիվ-քննչական գործողություններ են իրականացվում՝ հանցագործներին գտնելու ուղղությամբ: