Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դեկտեմբերի 17-ին Թուրքիա է այցելելու։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Թուրքիայի վարչապետը Իրանի նախագահին հրավիրել է Թուրքիա՝ դեկտեմբերի 17-ին միասին հետեւելու Քոնիա քաղաքում ավանդաբար անցկացվող Շեբի Արուսի (Şeb-i Arus-արեւելքի մեծ բանաստեղծ փիլիսոփա Ջելալեդին Ռումիին նվիրված) միջոցառումներին։
Լրատվամիջոցներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի վարչապետի եւ Իրանի նախագահի միջեւ հանդիպումը Թուրքիայում տեղակայքվելիք Patriot հրթիռային կայանքների հետ կապված ճգնաժամի ֆոնին մեծ հետաքրքրություն է ներկայացնում։
Նշվում է, որ Էրդողան-Ահմադինեժադ հանդիպման ժամանակ օրակարգային թեմաներն են լինելու Սիրիայում տիրող իրավիճակն ու Patriot հթրիռների հետ կապված խնդիրները։





























