Նախագահական ընտրություններից առաջ հնարավորություն ունենք գնահատելու ներկա իրավիճակը եւ ամփոփելու անցած ճանապարհը, հասկանալու`որտեղ ենք հիմա եւ ուր ենք գնում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի ժամանակ։
Նախագահի խոսքով, շուրջ հինգ տարի առաջ մեր պետության, մեր ժողովրդի կյանքում նոր հնարավորություն ստեղծվեց` ժամանակը նոր հնարավորություն առաջարկեց մեր ժողովրդին , հնարավորություն եւ հրամայական նախորդ մեկ ու կես տասնամյակի ընթացքում ձեւավորված համակարգը հօգուտ ժողողովրդի օգտագործել:Երկրի ղեկավարը շեշտեց, որ հայ հասարակությունը ցնցվեց տարիներ շարունակ կուտակված հասարակական-քաղաքական անհանդուրժողության ժայթքումից, տնտեսական ճգնաժամի տակ մի պահ կքեց Հայաստանի տնտեսությունը, մեկ ու կես տասնամյակ կուտակված խնդիրներն ու խոցերը հրատապ լուծումներ էին պահանջում: Հայաստանին հաջողվեց հաղթահարել այս ամենը: Նախագահի խոսքով, երկիրը կարողացավ դուրս գալ տնտեսական ճգնաժամից, անխաթար պահել ֆինանսական համակարգը. «Կարողացանք անել այն, ինչ չկարողացան անել անհամեմատ ավելի հզոր երկրները»:
Անդրադառնալով իրականացված բարեփոխումներին` Սարգսյանն ասաց, որ արմատից մերժվեց լրագրողների համար ուժի կիրառման արատավոր պրակտիկան, բացվեց ողջ լրատվական դաշտը, եթեր վերադարձան դրանից զրկված լրատվամիջոցներ, վերականգնվեց առանց դավաճան որակվելու մարդկանց` ընդդիմախոսի իրավունքը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























