Հայաստանի  նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը իրեն վարչապետի պաշտոնում նշանակելու մասին լուրերը որակում է որպես «որոշ մարդկանց ֆանտազիաների արդյունք»: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀԿ 14-րդ համագումարում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:

«Իմ էությամբ գործադիր մարդ եմ, սիրում եմ գլուխս կախ աշխատել»,- ասաց նա:  Կարեն Կարապետյանը նշեց, որ տարբեր խոսակցություններ կարող են շրջանառվել, բայց այդ լիազորությունները նախագահի իրավասության դաշտում են: «Նախագահը ում կորոշի, այդպես էլ կլինի: Էդ արդեն վարչապետի հանե՞լ եք, մի հատ էլ նոր վարչապետ եք դնում արդեն: Նախագահը երբ հարմար գտնի, այն ժամանակ էլ կփոխի»,- ասաց նա:

Նախարար նշանակվելու հնարավորության մասին նա նշեց, որ  նախարարի պաշտոնի շրջանը վաղուց է անցել: Կարեն Կարապետյանն ասաց, որ  պաշտոնը իր համար ինքնանպատակ չէ, այլ ինչ-որ մի բան պետք է անես, օրինակ բերելով այն, որ նախագահի աշխատակազմի ղեկավար էր, ինչը բավական բարձր պաշտոն էր, բայց «նախագահի համաձայնությամբ եւ իր կամքով դուրս է եկել այդ պաշտոնից»:

«Ես իմ ուժերը, ընտանիքիս անձնական հնարավորությունները փորձում եմ օգտագործել մարդկանց աջակցելու առումով: Իսկ ընտրություններից հետո կորոշեմ իմ արտահայտման ձեւը, իմ ուժերը կօգտագործեմ պետական կառավարման, թե մասնավոր դաշտում»,- ասաց նա՝  չբացառելով գործարարությամբ զբաղվելը, քանի որ ինքը իրեն այդ դաշտում տեսնում է, առավել եւս, որ նախկինում լուրջ հաջողություններ է ունեցել:

Հարցին, թե ինչու նրան ԱԺ-ում հաճախակի չենք տեսնում, նա նշեց, որ պատգամավորի աշխատանքը միայն ԱԺ-ում չի սահմանափակվում, առավել քան այսօր մեծ անհրաժեշտություն կա լինել ընտրողների կողքին եւ հնարավորությունների սահմաններում օգնել նրանց: Պատգամավորի խոսքով՝  մարդկանց վիճակ ծանր է ինչը պայմանավորված է  օբեյտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, միեւնույն ժամանակ հավելեց, որ միգուցե մեզնից յուրաքանչյուրը իր ֆունկցիաները կատարելուց փոքր-ինչ թերացել է: